Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 24 » Բլոգ. Այսօր հայտնի կդառնա եզրափակչի առաջին մասնակիցը

Բլոգ. Այսօր հայտնի կդառնա եզրափակչի առաջին մասնակիցը


Այսօր հայտնի կդառնա Չեմպիոնների լիգայի 2011/12թթ. խաղարկության եզրափակչի առաջին մասնակիցը: Կիսաեզրափակչի պատասխան խաղում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցելու է Լոնդոնի «Չելսիի» հետ:







Նախորդ շաբաթ լոնդոնցիները սեփական հարկի տակ 1:0 հաշվով պարտության մատնեցին մրցաշարի գործող հաղթողին, սակայն բուքմեյքերներն ու մասնագետները շարունակում են ֆավորիտ համարել կատալոնական ակումբին, որը վերջին 2 պաշտոնական հանդիպումներում պարտվել է մրցակիցներին: 



Լոնդոնում կայացած առաջին խաղը ցույց տվեց, որ «Բարսելոնայի» հետ հանդիպումներում առանց մարզական բախտի հաջողության հասնել հնարավոր չէ: Հյուրերը մի շարք պահեր ունեին, սակայն այդպես էլ չկարողացան գրավել Պետր Չեխի պաշտպանած դարպասը, իսկ «Չելսին» իր եզակի պահերից մեկը վերածեց գոլի: 



Նկատելի է նաև, որ «Չելսին» ավելի մեծ ցանկություն ունի տիրանալու բաղձալի տիտղոսին: Ի վերջո, 107-ամյա պատմություն ունեցող այս ակումբը երբեք չի հաղթել Չեմպիոնների լիգայում, թեև վերջին 10 տարվա ընթացքում ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչն ամեն պայման ստեղծել է լավ արդյունքների հասնելու համար:

Իսկ ահա «Բարսելոնայի» համար հաղթանակները սովորական բնույթ են կրում: Թիմը 4 անգամ է դարձել լավագույնը Եվրոպայում, որոնցից 3-ը` վերջին 7 տարվա ընթացքում: Կատալոնացիների ներկայիս կորիզը կազմում են խաղացողներ, որոնք հաղթել են հնարավոր ամեն ինչ:

Այսօրվա մրցավեճում ուշադրության կենտրոնում կլինի «Բարսելոնայի» ռմբարկու Լիոնել Մեսսին: Աշխարհի նախորդ 3 տարիների լավագույն ֆուտբոլիստը վերջին 2 հանդիպումներում չի կարողացել գրավել մրցակիցների դարպասը, ինչն ուղղակիորեն ազդեց «Բարսայի» արդյունքների վրա: Կատալոնիայում ամենաքննարկվող թեմաներից մեկը հենց այն է, որ Մեսսին ամենավճռական պահին արգելակեց, իսկ այսօրվա խաղը նրա համար հիանալի առիթ է իրավիճակը փոխելու համար:


Փաստեր

«Բարսելոնան» սեփական հարկի տակ չի պարտվում 2009թ. հոկտեմբերի 20-ից, երբ «Կամպ Նոուում» պատմական հաջողության հասավ Կազանի «Ռուբինը»: Թաթարներին պարտվելուց հետո կատալոնացիները 13 հաղթանակ են տոնել սեփական հարկի տակ ու 2 հանդիպում ավարտել ոչ-ոքի:

«Բարսելոնան» 12 անգամ է դուրս եկել աշխարհի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի կիսաեզրափակիչ, որից 6-ում կարողացել է հաջողության հասնել:

Վերջին 9 տարվա ընթացքում «Չելսին» 6-րդ անգամ է հայտնվել կիսաեզրափակիչում, սակայն ընդամենը 1 անգամ են «ազնվականները» կարողացել դուրս գալ եզրափակիչ:

Փլեյ-օֆֆերում «Չելսին» 13 անգամ հաղթել է առաջին հանդիպումներում, որոնցից 9-ում կարողացել է շարունակել պայքարը հաջորդ փուլում:

«Չելսին» նախկինում «Կամպ Նոուում» անցկացրած 5 հանդիպումներում հաղթանակ չի տոնել:

    

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15